Ճեմարանի գիտական գրադարան ստեղծման ծրագիր
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի գրադարանը ուսումնական հաստատության հիմնադրման օրվանից հանդիսանում է ուսումնական գործընթացի անբաժանելի մասը: Երևանի № 54 ՄՊՏՈՒ-ից ստացած ոչ հարուստ
ֆոնդը ավելի քան քսան տարիների ընթացքում համալրվել է դասագրքերով, գեղարվեստական, թեմատիկ գրականությամբ, ուսումնաօժանդակ ձեռնարկներով. այժմ այն կազմում է մոտ 20.000 միավոր: Գրադարանի էլեկտրոնային գրացուցակում ներլցված են մոտ 30.000 միավոր թվային թեմատիկ գրքեր, որոնք հասանելի են գրադարանի ներքին համակարգչային ցանցից: Գրադարանի գրքային հավաքածուների հիմնական աղբյուրը գնումներն են, նվիրատվությունները և բաժանորդագրությունը: / գրադարանի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Չնայած իր հույժ գիտական կարևորությանն ու ծավալած լայն գործունեությանը գրադարանը չունի իր աշխատանքների կազմակերպման համար համապատասխան շենքային և գույքային պայմաններ: Հիմնական աշխատանքային մասը և ցուցադրվող գրքերը հարմարեցված են մեկ փոքր սենյակում: Գրապահոցը չունի տարրական պայմաններ, սակայն այնտեղ են պահվում ցուցադրման արժանի, բայց տարածքի պատճառով ցուցափեղկին չհայտնված գրքեր:
Աջակցության ու սրտացավության շնորհիվ գրադարանը կարող է վերածվել երկհարկանի գիտական կենտրոնի՝ ունենալ առանձնացված սպասարկման կենտրոն, գրքերի ցուցադրման համար բավարար տարածք, ընդարձակ ընթերցասրահ,գրապահոց և այլ ֆունկցիոնալ սրահներ: Մեր բոլորիս ջանքերով այն կարող է դառնալ ճեմարանականների ինքնուսուցման ամենասիրելի վայրը, իսկ խմբային աշխատանքների համար նախատեսված
հատվածը կաջակցի խմբային, ինչպես նաև աշակերտ- աշակերտ ուսուցման բարելավմանը: Ծրագրի իրականացման համար առանձնացվել են հիմնական չորս ուղղություններ`
- Գրադարանի կառուցում
- Գրադարանի կահավորում
- Գրադարանի գիտակրթական նյութերի համալրում
- Գրադարանի տեղեկատվական տեխնոլորգիաների և համալիր էլեկտրոնային նյութերի համալրում:
Հետևելով մեր կայքին հետագայում կարող եք ծանոթանալ նաև գրադարանի նախագծին ու հաշվարկված ծրագրային փաթեթին: