Համայնքային նախագիծ. «Ճեմարանն առանց ածխաթթու գազի»
Ինչպես գիտեք՝ Զարգացման Հիմնադրամը Միջին դպրոցի տնօրինության և ծրագրերի ղեկավարների նախաձեռնությամբ 2019 թվականից սկսեց ընդունել համայնքային ծրագրերի ֆինանասավորման հայտեր 9-րդ դասարանի սաների կողմից: Հիմնադրամի հավանությունը ստացած ծրագրերից մեկը՝ «Ճեմարանն առանց ածխաթթու գազի» ծրագիրն է: Այն իրականացնում են 9-րդ դասարանի սաներ՝ Տարոնն ու Գոռը: Նրանք պնդում են, որ շատ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ փակ տարածություններում ածխաթթու գազի առկայությունը իջեցնում է մարդկանց աշխատունակությունը, հանգեցնում է քնկոտության և հոգնածության։ Այդ պատճառով իրենց համայնքային նախագծի շրջանակում նրանք արդեն պատրաստել և տեղադրել են ածխաթթու գազի սենսորներ միջին դպրոցի լսարաններից երեքում: Այս սարքերը գազի բարձր մակարդակի դեպքում ձայնային ազդանշանով տեղեկացնում են, որ վատ չէր լինի սենյակը օդափոխել։ Այս՝ առաջին հայացքից խենթ, յուրօրինակ և գիտական գաղափարի կողքին կանգնեց և ֆինանսավորեց Շիրակացու Ճեմարանի Զարգացման Հիմնադրամը: